Փոխարկելի փոխառություն․ երբ փոխառությունը կարող է վերածվել ընկերության բաժնեմասի կամ բաժնետոմսերի

FIAK · Բիզնեսի համար · Կորպորատիվ իրավունք

Փոխարկելի փոխառությունը ֆինանսավորման գործիք է, որը սկզբում ստեղծում է պարտքային հարաբերություն, իսկ նախապես համաձայնեցված պայմանների դեպքում կարող է ավարտվել ընկերության կապիտալում մասնակցությամբ։

Ի՞նչ է փոխարկելի փոխառությունը

Բիզնեսի զարգացման ընթացքում ընկերությանը երբեմն անհրաժեշտ են ֆինանսական միջոցներ, սակայն ներդրման պահին դժվար է հստակ որոշել ընկերության իրական արժեքը։ Այս իրավիճակում կարող է կիրառվել փոխարկելի փոխառությունը։

Ընկերությունը սկզբում ստանում է դրամական միջոցներ որպես փոխառություն, իսկ հետագայում՝ պայմանագրով նախապես սահմանված դեպքերում և պայմաններով, փոխառության գումարի կամ դրա մի մասի վերադարձի և/կամ տոկոսների վճարման փոխարեն փոխատուին տրամադրվում են ընկերության բաժնեմասեր կամ թողարկվում և տրամադրվում են բաժնետոմսեր։

Այսինքն՝ գործարքը սովորաբար սկսվում է որպես պարտքային հարաբերություն, բայց կարող է ավարտվել որպես ընկերության կապիտալում մասնակցություն։ Միայն պայմանագիրը ստորագրելը կամ գումարը փոխանցելը փոխատուին ինքնաբերաբար չի դարձնում ընկերության մասնակից կամ բաժնետեր։ Այդ կարգավիճակը առաջանում է փոխարկման համար նախատեսված կորպորատիվ ձևակերպումների և համապատասխան պետական գրանցման կամ բաժնետերերի ռեեստրում գրառման ավարտից հետո։

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 886.2-րդ հոդվածով փոխարկման հնարավորությունը պետք է նախատեսված լինի հենց պայմանագրի կնքման պահին։ Հատուկ կարգավորումը ուժի մեջ է մտել 2025 թվականի հունիսի 12-ից և տարածվում է այդ ամսաթվից հետո կնքված պայմանագրերից ծագող հարաբերությունների վրա։ Կենտրոնական բանկի կողմից կարգավորվող որոշ ֆինանսական կազմակերպությունների համար կարող են գործել լրացուցիչ սահմանափակումներ։

Ինչպե՞ս է աշխատում մեխանիզմը

Մինչև փոխարկումը փոխատուն, որպես կանոն, չունի մասնակցի կամ բաժնետիրոջ քվեարկության, շահաբաժնի կամ կառավարմանը մասնակցելու իրավունքներ։ Սակայն պայմանագրով կարող են նախատեսվել տեղեկատվություն ստանալու, հաշվետվություններ պահանջելու, որոշակի գործարքների մասին նախապես տեղեկացվելու և այլ պայմանագրային իրավունքներ։

  1. 01Պայմանագրի կնքում և գումարի տրամադրում․ փոխատուն ընկերության պարտատերն է, իսկ ընկերությունն ունի փոխառությունը վերադարձնելու պարտավորություն։
  2. 02Փոխարկման պայմանի առաջացում․ տեղի է ունենում պայմանագրով նախատեսված իրադարձությունը, կամ փոխատուն ներկայացնում է պահանջ/դիմում։
  3. 03Կորպորատիվ ձևակերպումներ․ ընկերությունը ընդունում է անհրաժեշտ որոշումները, անհրաժեշտության դեպքում փոփոխում է կանոնադրությունը և կատարում գրանցման կամ ռեեստրում գրառման գործողությունները։
  4. 04Փոխարկում կամ վերադարձ․ փոխատուն ստանում է բաժնեմաս կամ բաժնետոմսեր, իսկ եթե փոխարկման պայմանները չեն առաջանում կամ գործարքը չի կատարվում, գործում են վերադարձի պայմանները։

Ի՞նչ պետք է հստակ սահմանել պայմանագրում

Փոխարկելի փոխառության ամենակարևոր մասը ոչ միայն գումարի չափն է, այլ փոխարկման հստակ և ստուգելի մեխանիզմը։ Պայմանագրում անհրաժեշտ է առնվազն կարգավորել՝

  • փոխառության գումարը, արժույթը, տրամադրման ձևը և հնարավոր տրանշները
  • փոխառությունը տոկոսով է, թե անտոկոս, ինչպես են հաշվարկվում տոկոսները և ենթակա են արդյոք դրանք փոխարկման
  • փոխարկումը կատարվում է փոխատուի պահանջով, ընկերության դիմումով, թե որոշակի իրադարձության դեպքում՝ ավտոմատ մեխանիզմով
  • փոխարկման պայմանները՝ օրինակ՝ նոր ներդրման ներգրավում, որոշակի ֆինանսական ցուցանիշի հասնել կամ ժամկետի լրանալ
  • փոխարկվող գումարի չափը՝ ամբողջ գումարը, դրա մասը, միայն մայր գումարը, թե նաև հաշվարկված տոկոսները
  • բաժնեմասի կամ բաժնետոմսերի քանակի որոշման բանաձևը և ընկերության գնահատման հիմքը
  • գնահատման առավելագույն սահմանաչափի, ֆիքսված արժեքի կամ հետագա ներդրման գնի նկատմամբ զեղչի կիրառման եղանակը
  • ինչ է տեղի ունենում, եթե փոխարկման պայմանները չեն առաջանում կամ ընկերությունը չի կարողանում ժամանակին կատարել պարտավորությունները
  • փոխատուն իրավունք ունի՞ ընտրելու վերադարձի և փոխարկման միջև
  • ընկերության վաճառքի, վերահսկողության փոփոխության, լուծարման կամ սնանկության դեպքում կիրառվող կանոնները
  • գրավի, երաշխավորության կամ այլ ապահովման միջոցների ճակատագիրը փոխարկման ժամանակ
  • մասնակիցների կամ բաժնետերերի անհրաժեշտ որոշումները, կանոնադրության փոփոխության և պետական գրանցման կամ ռեեստրում գրառման ընթացակարգը։

Գրավոր ձևը և տոկոսների հարցը

Եթե փոխառությունը նախատեսվում է անտոկոս, դա պետք է ուղղակիորեն ամրագրվի պայմանագրում։ Քաղաքացիական օրենսգրքի ընդհանուր կանոնով փոխատուն իրավունք ունի ստանալու տոկոսներ, եթե պայմանագրով այլ բան նախատեսված չէ, իսկ տոկոսների չափը և հաշվարկման կարգը պետք է հստակ սահմանվեն։

Փոխառության պայմանագիրը պետք է կնքվի գրավոր։ Պայմանագրի կնքման պահին տոկոսների չափը չի կարող գերազանցել Կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկը, եթե հատուկ կարգավորումով այլ բան նախատեսված չէ։ Գրավոր ձևը չպահպանելը կարող է հանգեցնել պայմանագրի անվավերության։

Կարևոր է պահպանել նաև գումարի փոխանցումը հաստատող բանկային կամ այլ փաստաթղթերը, քանի որ փոխառության պայմանագիրը համարվում է կնքված դրամական միջոցների կամ այլ գույքի փոխանցման պահից։

ՍՊԸ-ի դեպքում փոխարկման առանձնահատկությունները

ՍՊԸ-ի համար փոխարկելի փոխառության պայմանագրի կնքման մասին որոշումը պետք է ընդունվի մասնակիցների ընդհանուր ժողովի կողմից՝ բոլոր մասնակիցների միաձայնությամբ։ Նույն կարգով է որոշվում նաև այդպիսի պայմանագրում փոփոխություններ կատարելու հարցը։

Փոխարկման փուլում փոխատուն ընկերության գործադիր մարմին է ներկայացնում դիմում։ Եթե փոխատուն արդեն ընկերության մասնակից է, փոխարկումը կարող է իրականացվել նրա բաժնեմասի անվանական արժեքը մեծացնելու միջոցով։ Եթե փոխատուն դեռ մասնակից չէ, պետք է որոշում ընդունվի նրան ընկերություն ընդունելու, կանոնադրական կապիտալը ավելացնելու և նրան համապատասխան բաժնեմաս տրամադրելու մասին։

Օրենքով նախատեսված պայմանների և դիմումի առկայության դեպքում ընկերությունը պարտավոր է անհրաժեշտ որոշումները կայացնել 60-օրյա ժամկետում։ Պետք է նաև փոփոխվեն ընկերության կանոնադրությունը և պետական գրանցամատյանի տվյալները։

Եթե փոխատուն ընկերության մասնակից չէ, անհրաժեշտ է նախապես ստուգել ընկերության կանոնադրությունը․ երրորդ անձանց ավանդների հաշվին կանոնադրական կապիտալի ավելացումը կարող է կանոնադրությամբ արգելված լինել։

Բաժնետիրական ընկերության դեպքում փոխարկման առանձնահատկությունները

Բաժնետիրական ընկերության դեպքում փոխարկման արդյունքում ընկերությունը պետք է թողարկի և փոխատուի օգտին տեղաբաշխի պայմանագրով նախատեսված տեսակի, դասի և քանակի բաժնետոմսերը։ Սովորաբար անհրաժեշտ է, որ այդ բաժնետոմսերը տեղավորվեն ընկերության կանոնադրությամբ նախատեսված հայտարարված բաժնետոմսերի քանակի և անվանական արժեքի սահմաններում։

Փոխարկելի փոխառության պայմանագրի կնքման մասին որոշումն ընդունվում է քվեարկող բաժնետոմսերի բոլոր սեփականատերերի միաձայնությամբ, եթե ընկերության կանոնադրությամբ նախատեսված չէ առնվազն երեք քառորդ ձայների շեմ։ Եթե կիրառվում է երեք քառորդի շեմը, որոշմանը դեմ քվեարկած բաժնետերն ունի օրենքով նախատեսված նախապատվության իրավունք։

Փոխատուի փոխարկման գրավոր պահանջը ստանալուց, իսկ պայմանագրով նախատեսված դեպքերում՝ այն ստացված համարվելուց հետո, ընկերությունը պետք է բաժնետոմսերը թողարկի և տեղաբաշխի 60-օրյա ժամկետում՝ հաշվի առնելով պայմանագրով սահմանված պայմանների տեղի ունենալը։

Արտարժույթով փոխարկելի փոխառության կարևոր առանձնահատկությունը

Եթե փոխարկելի փոխառությունը տրամադրվել է արտարժույթով, փոխարկման համար նախատեսված դրամական ներդրումը հաշվարկվում է ՀՀ դրամով՝ փոխարկման մասին պահանջը կամ դիմումը ընկերության կողմից ստանալու, կամ ստացված համարվելու օրվա՝ ՀՀ կենտրոնական բանկի հրապարակած արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքով։

Նույն օրը արտարժութային փոխառությունը օրենքով նախատեսված մեխանիզմով նորացվում և փոխարինվում է դրամային փոխառությամբ։ Սա կարող է ազդել փոխարկվող գումարի, բաժնեմասի կամ բաժնետոմսերի քանակի և ներդրողի վերջնական մասնակցության չափի վրա։ Այդ պատճառով արտարժույթով գործարքի դեպքում փոխարժեքի ամսաթիվը և հաշվարկման բանաձևը պետք է հատկապես հստակ սահմանվեն։

Փոխարկելի փոխառության դրական կողմերը

Ընկերության համար

  • Գնահատման հետաձգում․ վաղ փուլում գտնվող ընկերությունը կարող է ֆինանսավորում ստանալ՝ առանց անմիջապես որոշելու իր արժեքը։
  • Ավելի արագ ֆինանսավորում․ հիմնական պայմանները կարելի է համաձայնեցնել ավելի արագ, քան ամբողջական մասնակցային ներդրման դեպքում։
  • Մինչև փոխարկումը՝ անմիջական նոսրացման բացակայություն․ գործող մասնակիցների կամ բաժնետերերի տոկոսային մասնակցությունը սովորաբար չի փոխվում։
  • Ներդրողի և ընկերության շահերի մոտեցում․ փոխատուն կարող է մասնակցել հետագա արժեքի աճին, իսկ ընկերությունը՝ ձեռք բերել երկարաժամկետ շահագրգիռ գործընկեր։

Փոխատուի համար

  • Պարտատիրոջ կարգավիճակ սկզբնական փուլում․ մինչև փոխարկումը փոխատուն ունի դրամական պահանջ ընկերության նկատմամբ։
  • Աճի հնարավոր մասնակցություն․ հաջող զարգացման դեպքում հնարավոր է ստանալ բաժնեմաս կամ բաժնետոմսեր նախապես համաձայնեցված պայմաններով։
  • Գնի կանխատեսելիություն․ գնահատման սահմանաչափը, զեղչը կամ ֆիքսված բանաձևը կարող են պաշտպանել հետագա ավելի բարձր գնահատումից։
  • Ընտրության հնարավորություն․ պայմանագրով նախատեսված լինելու դեպքում փոխատուն կարող է ընտրել վերադարձի և փոխարկման միջև։

Հնարավոր ռիսկերն ու հետևանքները

Փոխարկելի փոխառությունը շահավետ է այն դեպքում, երբ դրա պայմանները հավասարակշռված և հստակ են։ Միևնույն ժամանակ, այն կարող է առաջացնել հետևյալ ռիսկերը՝

  • ընկերության մասնակիցների կամ բաժնետերերի մասնակցության նոսրացում և կառավարման վրա ազդեցության փոփոխություն
  • ընկերության համար ապագա պարտավորություն՝ վերադարձնելու գումարը, եթե փոխարկումը չի իրականացվում
  • ներդրողի համար բաժնեմաս կամ բաժնետոմս ստանալու ոչ իրացվելի և ռիսկային ակտիվ, որի արժեքը երաշխավորված չէ
  • ավտոմատ փոխարկման դեպքում մասնակցության ստացում այնպիսի պահին, երբ ընկերության արժեքը կամ ֆինանսական վիճակը ներդրողի համար այլևս բարենպաստ չէ
  • անորոշ կամ սխալ ձևակերպված բանաձևի պատճառով վեճ՝ փոխարկվող գումարի, բաժնեմասի տոկոսի կամ բաժնետոմսերի քանակի շուրջ
  • կորպորատիվ որոշումների, կանոնադրության և պետական գրանցման գործընթացների խախտման հետևանքով փոխարկման ձգձգում կամ իրավական խնդիրներ
  • արտարժույթի փոխարժեքի փոփոխության ազդեցություն փոխարկվող գումարի և մասնակցության չափի վրա
  • հարկային և հաշվապահական լրացուցիչ հետևանքներ, որոնք կախված են կողմերի կարգավիճակից, գործարքի կառուցվածքից, տոկոսների առկայությունից, ռեզիդենտությունից և այլ հանգամանքներից։

Պարզ օրինակ

Ընկերությունը ստանում է 100 000 ԱՄՆ դոլարի փոխարկելի փոխառություն։ Պայմանագրով նախատեսվում է, որ եթե ընկերությունը ներգրավի նոր ներդրում, փոխատուն կարող է իր մայր գումարը և, եթե այդպես է համաձայնեցված, հաշվարկված տոկոսները փոխարկել ընկերության բաժնեմասի՝ նոր ներդրման գնի նկատմամբ սահմանված զեղչով։ Եթե մինչև վերջնական ժամկետը այդ իրադարձությունը տեղի չի ունենում, պայմանագիրը կարող է նախատեսել գումարի վերադարձ, փոխարկման իրավունք կամ այդ երկու տարբերակներից փոխատուի ընտրություն։

Այս օրինակում փոխատուի վերջնական մասնակցությունը կախված է ոչ թե միայն 100 000 ԱՄՆ դոլարից, այլ պայմանագրում ամրագրված հաշվարկման բանաձևից, փոխարկման պահին ընկերության արժեքից, արժույթի փոխարժեքից և անհրաժեշտ կորպորատիվ ու պետական գրանցման գործողություններից։

Եզրակացություն

Փոխարկելի փոխառությունը կարող է արդյունավետ լուծում լինել հատկապես նորաստեղծ, արագ աճող կամ ներդրում ներգրավող ընկերությունների համար, երբ անհրաժեշտ է ստանալ ֆինանսավորում՝ առանց անմիջապես որոշելու ընկերության գնահատումն ու ներդրողի մասնակցության չափը։ Այն միավորում է փոխառության ճկունությունը և ապագայում ընկերության կապիտալում մասնակցություն ստանալու հնարավորությունը։

Միևնույն ժամանակ, այս գործիքի հաջողությունը կախված է ոչ թե միայն դրա անվանումից, այլ պայմանագրի որակից։ Փոխարկման պահը, պայմանները, հաշվարկման բանաձևը, արտարժույթի կարգավորումը, կողմերի իրավունքները, կորպորատիվ որոշումները և չկատարման հետևանքները պետք է նախապես և միանշանակ ձևակերպվեն։

FIAK · Աջակցություն

Փոխարկելի փոխառությունը՝ ճիշտ կառուցվածքով

FIAK-ի իրավաբանական թիմը կարող է աջակցել փոխարկելի փոխառության կառուցվածքի ընտրությանը, պայմանագրի մշակմանը, ներդրողի և ընկերության շահերի հավասարակշռմանը, ինչպես նաև անհրաժեշտ կորպորատիվ որոշումների և պետական գրանցման գործընթացի կազմակերպմանը։

Ստանալ խորհրդատվություն

Այս հոդվածը կրում է ընդհանուր տեղեկատվական բնույթ և չի փոխարինում կոնկրետ գործարքի իրավական, հարկային կամ հաշվապահական անհատական խորհրդատվությանը։ Գործարքից առաջ անհրաժեշտ է ստուգել տվյալ պահին գործող օրենսդրությունը և ընկերության կոնկրետ փաստաթղթերը։

Բոլոր օգտակար իրավական հոդվածները

Աղբյուր

ԻՐՏԵԿ իրավական տեղեկատվական համակարգ